Մերգելյանի այգին՝ բացումից 45 օր անց․ Էդուարդ Հայրումյանը տեսանյութ է հրապարակել
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․
«Մերգելյանի այգին՝ բացումից 45 օր անց․
Օրեր առաջ Ամանորյա լուսավորություն ապահովելու նպատակով այգի էր մտել մեծ բեռնատար մեքենա ու ջարդուխուրդ արել 2 շատրվաններից մեկը։
Արդեն իսկ քանդված շատրվանում երևում է, թե ինչ անորակ հենակների վրա է հիմնված շատրվանի քարերը, որոնց վրա պետք է քայլեն մարդիկ։
Շատրվանի տակ հոսանքի մոնտաժը, ոչ մասնագիտական աչքով, առնվազն տարօրինակ է՝ հաշվի առնելով, որ դա ջրի մեջ է։
Ամանորյա լուսավորությամբ ծառերը զարդարած մարդիկ, էդ լույսերի դատարկ թղթե տուփերն ու այլ աղբ թափել են այգու մեջ՝ որտեղ պատահի։
Այգու արահետների երկայնքով շարված հիմնական լույսերը հնարավորինս էժանագին ու վատ որակի են և դրանք ընդհանրապես նախատեսված չեն հանրային այգիների համար, ինչի արդյունքում մեծ մասն արդեն ճոճվում են, հենց երեխաների խաղահրապարակի դեմի մեկ հատը ջարդվել ու հեռացվել է, իսկ մեկ ուրիշի տակ երեկ փնթի ձևով ցեխ էին լցնում, որ չընկնի։
Այգու արահետների թեքութունները սխալ հաշվարկելու արդյունքում անձրևներից հետո ջուրը հավաքվում է հենց արահետների վրա (փոսերի մեջ), փոխանակ ջուրը հոսեր դեպի կանաչ (հողային) հատված։
Հենց այս պահին խաղահրապարակի դիմացի հատվածում ևս շինարարություն է ընթանում, ինչը կրկին խոսում է սխալ պլանավորման մասին»։