Ձերբակալվել է համաքաղաքացիներին մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդը
Դեկտեմբերի 9-ի ժամը 23.50-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով «Արթիկ» բժշկական կենտրոն բուժօգնության են դիմել Արթիկ քաղաքի բնակիչ 29 և 28 տարեկան երկու երիտասարդ:
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողներն ու մարզի պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածները Արթիկ քաղաքի Շահումյան փողոցի սուպերմարկետի մոտ վիճաբանել են երկու համաքաղաքացիների՝ 37-ամյա և 34-ամյա եղբայրների հետ, այդ ընթացքում էլ կրտսեր եղբայրը սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նրանց:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ դեպքին մասնակից եղել և մարմնական վնասվածք է ստացել նաև արթիկցի 30-ամյա մի երիտասարդ:
Հետագա միջոցառումների արդյունքում 34-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Արթիկի և Անիի քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:
Դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու և բոլոր հանգամանքները պարզելու միջոցառումները շարունակվում են: