Քաղաքական դավաճանությունը պոզով ու պոչով չի լինում, լինում է հենց այսպես. Արսեն Թորոսյան
Քաղաքական դավաճանությունը պոզով ու պոչով չի լինում, լինում է հենց այսպես՝ թե՛ Աղազարյանի, թե՛ Ասլանյանի դեպքում, այս մասին հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։
«Այսպես կոչված, «անձնականը» մի պահ կողքի դնելով, հետաքրքիր է՝ Հակոբ Ասլանյանը խմբակցության, նախաձեռնողի և այլ փակ նիստերից մի կոնկրետ լրագրողի համակարգված ձևով տեղեկատվության, այդ թվում պետական գաղտնիք պարունակող, արտահոսքեր կազմակերպելը սեփական թիմի նկատմամբ դավաճանություն չի համարո՞ւմ։
Իսկ կարո՞ղ է մի նման համակարգված մեխանիզմի մաս էլ հենց ինքն է կազմում։
Ի դեպ, քանի որ այս թեման շատ է շահարկվում, ուզում եմ տեղեկացնել, որ Հովիկ Աղազարյանը կուսակցությունից իր հեռացման հարցը քննարկելիս ոչ միայն չի հերքել արտահոսքերի այդ համակարգված մեխանիզմի գոյությունը, այլև դրանում որևէ «խնդիր չի տեսել»։
Քաղաքական դավաճանությունը պոզով ու պոչով չի լինում, լինում է հենց այսպես՝ թե՛ Աղազարյանի, թե՛ Ասլանյանի դեպքում»,- նշել է Թորոսյանը։
Հիշեցնենք՝ Հակոբ Ասլանյանը մեկ ամսով կասեցնում է ՔՊ-ի հետ համագործակցությունը։ Պատճառը Հովիկ Աղազարյանի շուրջ զարգացումներն են։
Նա ասել է․ «Խմբակցությունից, գուցե, դուրս գամ, մանդատս վայր չդնեմ»։