Ինչ է թվային դրոշմավորումը, և որ ապրանքներն են ենթակա դրոշմավորման. ՊԵԿ-ը պարզաբանում է
ՀՀ տարածքում օտարման ցանկացած փուլում դրոշմավորումը պարտադիր է Հայաստանում արտադրված կամ Հայաստան ներմուծված այն ապրանքների համար, որոնք ներառված են դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում: Այդ մասին հայտնում է ՊԵԿ-ը: Կոմիտեն նաև մանրամասներ է հայտնում դրոշմավորման գործընթացի վերաբերյալ, որը ներկայցնում ենք ստորև:
Ի՞նչ է թվային դրոշմավորումը
Թվային դրոշմավորումը ապրանքի վրա նույնականացման միջոցի՝ Դատա մատրիքս (Data Matrix) թվային ծածկագիր փակցնելն է։ Դատա մատրիքսը հատուկ երկչափ ծածկագիր է, որը նման է QR կոդի, բայց կարող է պարունակել ավելի մեծ ծավալի տվյալներ: Այս ծածկագիրը անհատական է յուրաքանչյուր ապրանքի համար և պարունակում է տեղեկատվություն ապրանքի տարբեր հատկանիշների վերաբերյալ՝ ծագման երկրի, արտադրողի կամ ներմուծողի, հիմնական բնութագրերի, տեղաշարժի և այլնի մասին:
Ո՞ր ապրանքներն են ենթակա դրոշմավորման
ՀՀ տարածքում օտարման ցանկացած փուլում դրոշմավորումը պարտադիր է Հայաստանում արտադրված կամ Հայաստան ներմուծված այն ապրանքների համար, որոնք ներառված են դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում։
Արդյո՞ք նույնականացման նշաններով դրոշմավորումը պարտադիր է անմաքս առևտրի խանութների դեպքում
Ոչ, անմաքս առևտրի խանութներում վաճառքի ենթակա ապրանքները չունեն թվային դրոշմավորման պարտավորություն։
Ո՞ր ապրանքների վրա է պարտադիր կիրառվում և որո՞նց համար է նախատեսվում թվային դրոշմավորումը
2023 թվականից Հայաստանում նույնականացման միջոցներով պարտադիր դրոշմավորվում են ծխախոտային արտադրանքը, ալկոհոլային արտադրանքը և փաթեթավորված խմելու ջուրը։ Այժմ ընթանում են կաթնամթերքի, գարեջրի և գարեջրային խմիչքների, կոսմետիկա և հիգիենայի միջոցներ, օճառներ, լվացող և մաքրող միջոցներ, գազավորված և ոչ ալկոհոլային ըմպելիքների, մակարոնեղենի, կենդանական և բուսական յուղերի, շոկոլադի և կակաո պարունակող սննդամթերքի, պահածոյացված մթերքի, թեյի և սուրճի, դեղորայքի, ծովամթերքի, մսամթերքի և կենդանական էքստրակտներ, կենդանիների պատվաստանյութի, վիտամինների, ներկանյութերի և լաքերի, քսայուղերի և այլ յուղերը, օծանելիքի և հարդաջրի և կենդանիների կերի՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրերը։
Ո՞վ պետք է իրականացնի ապրանքի դրոշմավորումը
Ապրանքի դրոշմավորումն իրականացնում է ներմուծող կամ արտադրող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը՝ վաճառքից առաջ ապրանքի վրա՝ առավել տեսանելի տեղում՝ փակցնելով կամ տպագրելով Դատա մատրիքս հատուկ թվային ծածկագիրը։
Ինչո՞ւ ապրանքները պետք է ունենան թվային դրոշմավորում
Տնտեսվարողը, փակցնելով թվային ծածկագիրը ապրանքի վրա և փոխելով Е-mark համակարգում ապրանքի կարգավիճակները, ապահովում է ապրանքների հետագծելիությունը և հնարավորություն տալիս վերահսկել շրջանառությունում գտնվող յուրաքանչյուր ապրանք։ Արդյունքում՝ ստեղծվում են հավասար պայմաններ շուկայի բոլոր մասնակիցների համար, կանխվում է կեղծ և անորակ ապրանքների վաճառքը, նվազում է ստվերային տնտեսությունը, պաշտպանվում են սպառողների իրավունքները։
Ինչպե՞ս օգտվել E-mark բջջային հավելվածից
Մանրածախ վաճառքի կետում ապրանքը գնելիս՝ սպառողը կարող է E-mark բջջային հավելվածի միջոցով սկանավորել Դատա մատրիքս ծածկագիրը և ստուգել ապրանքի վերաբերյալ տարբեր տվյալները։ Հավելվածը հասանելի է IOS և Android համակարգերի օգտատերերի համար.
iOS՝ https://apps.apple.com/am/app/e-mark/id6465251159
Android՝ https://play.google.com/store/apps/details?id=com.emark
ՊԵԿ-ը նաև մանրամասներ է ներկայացրել այն մասին, թե ինչպես սկսել դրոշմավորման գործընթացը: