Սարիկ Մինասյանը՝ Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար
Գյումրիում նախնական ընտրապայքարն ավարտված է: Փրայմերիզը հասավ վերջնագծին և դեկտեմբերի 10-ին ամփոփվեցին եռօրյա ընտրության արդյունքները:
Ինչպես հայտնի է՝ Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին անցկացվեցին նախնական ընտրություններ՝ փրայմերիզ, որին ինքնառաջադրվել էր և պայքարեց 7 թեկնածու՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Դավիթ Առուշանյանը, Կարեն Սարուխանյանը, ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն Սարիկ Մինասյանը, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, Գյումրու ավագանու անդամ Շավարշ Արամյանը, 33-ամյա Լևոն Անանյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրացման բաժնի ավագ մասնագետ Էմմա Բարսեղյանը:
Քվեարկությանը մասնակցել է 1050 քաղաքացի: Անվավեր է ճանաչվել 34 քվեաթերթիկ: Անճշտությունների թիվը 11 է:
Քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում ստացած 253 քվեով Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար դարձավ ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն, ներկա պահին անկուսակցական Սարիկ Մինասյանը:
Գյումրիում իրականացված փրայմերիզի արդյունքում թեկնածուների ստացած քվեները բաշխվել են հետևյալ կերպ՝
Լևոն Անանյան - 91 ձայն
Դավիթ Առուշանյան - 220 ձայն
Շավարշ Արամյան - 88 ձայն
Էմմա Բարսեղյան - 113 ձայն
Սարիկ Մինասյան- 253 ձայն
Վահագն Մկրտչյան - 138 ձայն
Կարեն Սարուխանյան - 143 ձայն
Գործընթացի շրջանակներում քաղաքը բաժանվել էր 5 մասի, ձևավորվել էր 5 խումբ, որոնք քվեատուփով և քվեաթերթիկներով շրջել են Գյումրու փողոցներում և թաղերում, պատահականության սկզբունքով քաղաքացիներին առաջարկել մասնակցել ընտրությանը: Տարածքների փողոցների ընտրությունը կատարվել է վիճակահանությամբ, քվեարկությունը՝ սոցիոլոգիական մեթոդով: Քվեարկությունը կատարվել է ամեն տնից մեկ քվե սկզբունքով: