Ձկնորսների հետ շարունակվում են սիգի որսի արգելքի վերաբերյալ բացատրական աշխատանքները. ինչ դեպքեր են արձանագրվել
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում ամփոփվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումների ընթացիկ աշխատանքները:
Դեկտեմբերի 10-ին նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների կողմ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է իրականացվող վերահսկողության համատեղ միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքը:
2024 թվականի նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում իրականացվել է 1698 ստուգայց, որի ընթացքում արձանագրվել է ձկնագողության`12, ապօրինի վաճառքի`72 դեպք, առգրավվել է 1215 կգ սիգ տեսակի ձուկ, 21 լողամիջոց և 2 ձկնորսական ցանց։
Նախապատրաստվում են նյութեր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (թվով 18) և ՀՀ քրեական օրենսգրքի (թվով 10) համապատասխան հոդվածներով։
Զեկուցվել է նաև, որ շարունակվում են հանդիպումները ձկնորսների հետ`բացատրելու ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքի կարևորությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է խստացված միջոցառումների ժամանակացույցի և ստուգայցերի ձևաչափի վերաբերյալ մի շարք հարցեր։
Նախարարը հույս է հայտնել, որ իրականացվող գործողությունները չեն հանդիպի ապօրինի դիմադրության և քաղաքացիները կշարունակեն ըմբռնումով մոտենալ իրականացվող միջոցառումներին։