Արտառոց դեպք՝ «Արմավիր» ԲԿ-ում․ ծնողներին հայտնել են, որ տղա են ունեցել, հետո պարզվել է՝ աղջիկ է ծնվել
Դեկտեմբերի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այդ օրը Երևանում հայտնի «Մուրացան»-ի «Նորածնային և մանկական վերակենդանացման» կլինիկա է տեղափոխվել անհաս նորածին իգական սեռի, արհեստական շնչառության սարքին միացված, ծանր վիճակում։ Կից տրվել է տեղափոխման էպիկրիզ՝ նորածնի աղջիկ լինելու փաստը ֆիքսված։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 6-ին ծնողները «Մուրացան» ծննդատուն են ներկայացրել ծննդյան վկայական, որտեղ ֆիքսված է եղել երեխայի արական սեռի լինելու փաստը և նրան անվանակոչել են Հովհաննես, այն դեպքում, երբ երեխան իգական սեռի է։
Դեպքի մասին «Մուրացան» ծննդատնից տեղեկությունը հայտնել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու ոստիկանության բաժին, որտեղից հիվանդանոց է ժամանել հերթապահ խումբը, ովքեր այնուհետև տեղեկությունը փոխանցել են Ոստիկանության Արմավիրի բաժնի իրենց գործընկերներին։
Ժամերի ընթացքում ոստիկանության Արմավիրի բաժնից մեկնել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ հանդիպել են տնօրենին ով հավաստել է, որ ծնողներին ասվել է աղջիկ լինելու մասին, սակայն թյուրիմացաբար տեղեկանք է տրվել ծննդյան վկայական հանելու համար որպես տղա։
Այնուհետև ոստիկանները զրուցել են երեխայի ծնողների հետ, ովքեր հայտնել են, որ հիվանդանոցում իրենց ասվել է, որ տղա երեխա է ծնվել։
Պարզվել է, որ թյուրիմածություն է տեղի ունեցել, ծննդյան վկայականը խոստացել են ուղղել։