Վահագն Խաչատուրյանը և դեսպան Դի Րիզոն քննարկել են Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության զարգացման հարցեր
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Նախագահը, ողջունելով դեսպանին, բարձր է գնահատել դեսպանի ջանքերն ուղղված հայ-իտալական հարաբերությունների և երկու երկրների ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդմանն ու զարգացմանը:
«Շնորհակալություն եմ հայտնում Ձեր դիվանագիտական գործունեության համար: Երեք տարվա աշխատանքի ընթացքում Դուք կարողացաք նոր շունչ հաղորդել հայ-իտալական հարաբերություններին, որը շատ կարևոր էր Հայաստանի համար այս դժվարին ժամանակաշրջանում: Խոսքը վերաբերում է և՛ երկկողմ հարաբերություններին, և Հայաստան-ԵՄ գործակցությանը: Ձեր գործունեությունն, անկասկած, միտված է եղել մեր երկու երկրների ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը»,- ասել է նախագահը և հաջողություններ մաղթել Ալֆոնսո Դի Րիզոյին իր հետագա գործունեության մեջ:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարյացկամ վերաբերմունքի համար:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև սերտ համագործակցության հետագա զարգացման հարցեր: Երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և Իտալիայի միջև առկա ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում արդյունավետ փոխգործակցությունը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանային իրադրությանն ու զարգացումներին: Այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանն անշեղորեն ընթանում է հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Մտքեր են փոխանակվել նաև հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նվազեցմանը նպաստելու գործում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության դերակատարության վերաբերյալ:
Կողմերը կարևորել են երկու երկրների միջև մշակութային համագործակցության խորացումը՝ ներառելով համատեղ ծրագրեր, ցուցահանդեսներ և մշակութային փոխանակումներ, որոնք արտացոլում են երկու ժողովուրդների հարուստ պատմական և մշակութային ժառանգությունը: