Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավար դարձավ Մուհամեդ ալ-Բաշիրը
Մուհամեդ ալ-Բաշիրը, որին վստահված է Սիրիայի անցումային կառավարության ձևավորումը, նշանակվել է երկրի վարչապետի պաշտոնակատար մինչև 2025 թ. մարտի 1-ը։ Al Jazeera-ի փոխանցմամբ՝ այս մասին Մուհամեդ ալ-Բաշիրը հայտնել է հեռուստաուղերձում։
Ավելի վաղ սիրիական ընդդիմության քաղաքական վարչակազմի աղբյուրը Al Jazeera-ին հայտնել էր, որ անցումային կառավարության աշխատանքի ժամկետը կկազմի երեք ամիս։
Աղբյուրը գործադիր իշխանության առաջնահերթություններն է անվանել «հսկողությունն անվտանգության ոլորտում, ծառայությունների մատուցումը և իշխանության աստիճանական անցման ապահովումը»։
Al Jazeera-ի աղբյուրը վստահեցրել է, որ «անցումային կառավարությունը նախադրյալներ կստեղծի մշտական կառավարության աշխատանքի համար»՝ հավելելով, որ «Սիրիայի փրկության կառավարության» նախարարները կշարունակեն իրենց աշխատանքն անցումային կառավարությունում։
Սիրիայի վարչապետի պաշտոնակատար Մուհամեդ ալ-Բաշիրը նախկինում ղեկավարել է «Սիրիայի փրկության կառավարությունը»՝ ստեղծված 2017 թվականին «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման և ընդդիմադիր այլ խմբերի կողմից Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ։ «Սիրիայի փրկության կառավարությունը» ղեկավարում է երկրի հյուսիս-արևմտյան շրջանների մեծ մասը։