5 ավտոլվացման կետի գործունեություն կասեցվել է․ կեղտաջրերը լցվել են Ողջի գետը. ԲԸՏՄ
Ջրային ռեսուրսների նորմերի պահպանմանն ուղղված միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Սյունիքում և Վայոց ձորում արձանագրել են խախտումներ։
Տեսչական մարմնից հայտնում են, որ Կապան քաղաքում գործող Ա/Ձ Ալեն Հովհաննիսյանին, Ա/Ձ Արթուր Օհանջանյանին պատկանող ավտոլվացման կետերի ջրահեռացումը կատարվել է առանց թույլտվության՝ ավտոլվացումից առաջացած կեղտաջրերը լցվել են Ողջի գետ։
Արենի համայնքում Ստեփան Սարգսյան, Նվեր Օհանյան, Վարդան Ալարվերդյան Ա/Ձ-երի ավտոլվացման կետերից արտահոսող կեղտաջրերը հեռացվել են ապօրինի՝ առանց համապատասխան թույլտվության։
Տեսչական մարմնի Սյունիքի և Վայոց ձորի տարածքային բաժինների պետերի որոշումներով ավտոլվացման կետերի գործունեությունները կասեցվել են։
Հիշեցնենք, որ վերջին կառավարության նիստերից մեկի ժամանակ այս հարցում վերահսկողությունը խստացնելու հանձնարարական էր տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: