Սիրիայի ընդդիմությունն անցումային կառավարության ղեկավար է նշանակել Մուհամեդ ալ-Բաշիրին
Սիրիայի ընդդիմությունն անցումային կառավարություն ձևավորելու համար նշանակել է Մուհամեդ ալ-Բաշիրին, որը նախկինում ղեկավարում էր երկրի հյուսիս-արևմուտքում ապստամբների կողմից վերահսկվող հատվածը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Brussels Times պարբերականը՝ վկայակոչելով սիրիական հեռուստաալիքները։
Ալ-Բաշիրը կղեկավարի այս կառավարությունը՝ իրականացնելով անցումը և «կանխելու, որ երկիրը հայտնվի քաոսի մեջ», հայտնել են սիրիական ԶԼՄ-ները։
Սիրիայի վարչապետ Մուհամեդ ալ-Ջալալին դեկտեմբերի 9-ին համաձայնել էր իշխանությունը փոխանցել ընդդիմությանը։ Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ ընդդիմության գլխավոր հրամանատար Աբու Մոհամեդ ալ-Ջուլանին (իսկական անունը՝ Ահմեդ Հուսեյն ալ-Շարաա) հանդիպում է ունեցել վարչապետ Մուհամեդ ալ Ջալալիի և փոխնախագահ Ֆեյսալ Միկդադի հետ՝ քննարկելու անցումային կառավարությունը։ Ջալալին ասել է, որ իշխանության փոխանցումը կտևի մի քանի օր։
Անցումային կառավարության ղեկավար Մուհամեդ ալ-Բաշիրը նախկինում ղեկավարել է «Սիրիայի փրկության կառավարությունը»՝ ստեղծված 2017 թվականին «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման և ընդդիմադիր այլ խմբերի կողմից Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ։ «Սիրիայի փրկության կառավարությունը» ղեկավարում է երկրի հյուսիս-արևմտյան շրջանների մեծ մասը։
Դեկտեմբերի 8-ին զինված ընդդիմությունը գրավել է մայրաքաղաք Դամասկոսը։ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հեռացել է երկրից և, ըստ հրապարակումների, ապաստան ստացել Ռուսաստանում։
Սիրիայում մարդիկ փորձում են վերադառնալ կյանքի նորմալ հուն։ Ըստ Reuters-ի՝ դեկտեմբերի 10-ին կվերաբացվեն բանկերը։ Նավթի նախարարությունն իր բոլոր աշխատակիցներին կոչ է արել վերադառնալ աշխատանքի՝ ասելով, որ նրանց անվտանգությունն ապահովելու համար կտրամադրվի պաշտպանություն։