Պարզվել է՝ «Արմենիա» ԲԿ-ում հուլիսին մահացած տղամարդու մահվան պատճառը եղել է ֆիզիկական միջամտությունը․ կա ձերբակալված
Հուլիսի 2-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացած 45-ամյա Գառնիկ Ա․-ի մահանալու փաստի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթի վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հոկտեմբերի 15-ին ստացվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի Գառնիկ Ա․-ն մահացել է ֆիզիկական միջամտության հետևանքով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները, համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչների հետ, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, վարույթային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Գառնիկ Ա․-ին հունիսի 29-ին Բագրատունյաց փողոցի 38 հասցեի մոտ հարվածներ հասցրել և կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները պատճառել է Երևանի բնակիչ 43-ամյա Արման Ա․-ն:
Նոյեմբերի 19-ին Արման Ա․-ի նկատմամբ ՀՀ քր. օր.-ի 155 հոդվածի 1 մասի հատկանիշներով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նույն օրը վերջինիս նկատմամբ կայացվել է ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին որոշում և նոյեմբերի 20-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Սողոմոն Տարոնցի փողոցի 1 հասցեի մոտից Արման Ա․-ին ձերբակալել և տեղափոխել են Երևան քաղաքի վարչություն, այնուհետև ներկայացրել են Շենգավիթի քննչական բաժին։