Ողբերգական վթարից մահացած տղամարդիկ Բյուրակն գյուղից էին, մեքենայում 4 հոգով են եղել. նոր մանրամասներ
Շիրակի մարզում ողբերգական վթարից մահացած տղամարդիկ Բյուրակն գյուղից էին։ Այս մասին հայտնում են Oragir.News-ի աղբյուրները։
«Նույն գյուղում էին ապրում, հա՛մ բարեկամ էին, հա՛մ՝ հարևան։ Մեքենայի ղեկին Էդիկն է եղել, Կարենի հորն են տարել Գյումրի։ Մեքենայի մեջ չորս հոգով են եղել։ Կարենը ամուսնացած չէր, Էդիկը 2 երեխաների հայր էր։
Առավոտ ահավոր մառախուղ էր, աչք աչքի չէր տեսնում: Էդիկին դժվարությամբ են դուրս բերել մեքենայից, իսկ Կարենը հիվանդանոցում վիրահատության ժամանակ է մահացել»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց Բյուրակն գյուղի վարչական ղեկավար Սեյրան Սարգսյանը։
Հիշեցնենք, որ այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
«Գյումրու ԲԿ է տեղափոխվել ՃՏՊ-ի հետևանքով տուժած երեք քաղաքացի։ Նրանցից 1986 թվականի ծնված Կ․ Կ․-ն տեղափոխվել է բազմակի վնասվածքներով՝ ծայրահեղ ծանր վիճակով, վիրահատության ժամանակ մահացել է։ 1962 թվականին ծնված Մ․ Կ-ի և 1967 թվականին ծնված Գ․ Կ-ի մոտ առկա է տարբեր աստիճանի վնասվածքներ, նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, ստանում են համապատասխան բուժօգնություն»,- Oragir.News-ին փոխանցեցին Գյումրիի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից։