Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի 17 հոդվածներից 15-ի շուրջ համաձայնություն կա․ Միրզոյան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են։
Արարատ Միրզոյանն այդ մասին ասել է ֆիննական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
«Ընդհանուր առմամբ, մենք ունենք սահման և մենք գիտենք, թե որտեղ է այն. այն հիմնված է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա, որը ստորագրվել է նախկին խորհրդային հանրապետությունների կողմից և վարչական սահմանները վերածել պետական սահմանների: Իհարկե, երկու երկրների հանձնաժողովները պետք է միասին աշխատեն հետագա սահմանազատման ու հստակ սահմանագծման ուղղությամբ»:
Նախարար Միրզոյանը, սահմանազատումը բնուգագրելով որպես ապագա կայունության երաշխիք, նշել է. «Որքանով որ այս օրերին հնարավոր են որևէ երաշխիքներ, հստակ սահմանազատված սահման ունենալը շատ ուժեղ մեխանիզմ է»:
Հաղորդակցությունների բացման վերաբերյալ հարցի համատեքստում նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են գալ այնպիսի լուծումների, որոնք ընդունելի կլինեն երկու կողմերի համար: «Մենք կարող ենք կազմակերպել հայկական ապրանքների անցումն Ադրբեջանի տարածքով և հակառակը՝ ադրբեջանական ապրանքներինը՝ Հայաստանի տարածքով: Առաջին փուլում կարող ենք վերսկսել երկաթուղային տարանցումը և աստիճանաբար ընդլայնել այն»։
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման երրորդ բաղադրիչի՝ խաղաղության համաձայնագրի կնքման առնչությամբ նախարար Միրզոյանը նշել է. «Այժմ 17 հոդվածից 15-ի շուրջ արդեն համաձայնություն կա: Ես կարծում եմ, որ մենք կարող էինք վերջնական տեսքի բերել և ստորագրել պայմանագիրը նույնիսկ մինչև Բաքվում կայացած COP29 կլիմայական գագաթաժողովը: Ցավոք, դա տեղի չունեցավ, բայց հիմա մենք պատրաստ ենք դա անել սեղմ ժամկետներում: Կարելի է ասել, որ սա հույսի պահ է: Ես կասեի, որ շատ մոտ ենք: Բայց չնայած մեր երկու պետությունների և հասարակությունների ողբերգական անցյալին, կա թշնամանքի էջը շրջելու հնարավորություն: Անցյալը դժվարին է եղել։ Այն դժվար է ըմբռնել, մոռանալ, ներել, բայց մեր տարածաշրջանում բավարար չափով արյուն է թափվել, և հիմա մենք ունենք հնարավորություն նայելու դեպի ապագա»։
2020թ. Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո Հայաստանում ներքին քաղաքական ճգնաժամի առնչությամբ նախարար Միրզոյանը նշել է. «Երկրի վարչապետը, կառավարությունը և քաղաքական թիմը որոշեցին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մենք դիմեցինք ժողովրդին և հարցրեցինք երկու բան՝ արդյո՞ք նրանք աջակցում են ավելի խորը ժողովրդավարական բարեփոխումներին և խաղաղության օրակարգին, այսինքն՝ կառավարության քաղաքականությանը: Մենք նորից ստացանք ձայների մեծամասնությունը: 2026 թվականի ընտրությունների ժամանակ մենք կրկին կտանք այդ հարցը, չնայած, որ հարցումները նույնպես ցույց են տալիս կառավարության քաղաքականության նկատմամբ աջակցությունը:
Ներկայումս մենք կենտրոնացած ենք մեր երկրի անվտանգության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամրապնդման վրա: Մյուս կողմից՝ մենք կենտրոնացած ենք մեր երկրի բարգավաճման, շարունակական արդիականացման և ժողովրդավարացման վրա: Եվ սա, բնականաբար, մեզ ավելի է մոտեցնում Եվրոպային և ձեր արժեքային ընտրության նման ընտրություններին:
Միաժամանակ, ընթացակարգերի և կանոնների նկատմամբ ամենայն հարգանքով հանդերձ՝ գուցե ժամանակն է գործել այլ կերպ, քան «սովորական ընթացքի» (business as usual) ռեժիմով։ Սա կարող է վերաբերել թե՛ աշխարհաքաղաքական որոշումներին, թե՛ ներքին նշանակության որոշումներին։ Աշխարհը փոխվում է։ Թերևս, ժամանակն է կայացնել համարձակ քաղաքական որոշումներ»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։