Սիրիայում իշխանությունը գրաված ընդդիմությունն արգելել է կանանց ստիպել հիջաբ կրել. ԶԼՄ-ներ
Սիրիայում իշխանությունը գրաված զինված ընդդիմության հրամանատարությունն արգելել է ստիպել կանանց կրել հիջաբ (իսլամում ընդունված հագուստ, որը ծածկում է կնոջ մարմինը)՝ նշելով կանանց համար հագուստ կրելու ազատ ընտրության մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով սիրիական Al-Watan թերթը։
«Գլխավոր հրամանատարություն. խստիվ արգելվում է ստիպել կանանց կրել որոշակի հագուստ կամ միջամտել նրանց հագուստ ընտրելու իրավունքին կամ նրանց պահանջներ ներկայացնել՝ կապված արտաքին տեսքի հետ», – գրել է թերթը։
Սիրիայի հակակառավարական ուժերը դեկտեմբերի 8-ին առանց դիմադրության հանդիպելու գրավել են Դամասկոսը։ ՌԴ արտգործնախարարությունը հայտնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը սիրիական հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցություններից հետո որոշել է հրաժարական տալ և լքել Սիրիան՝ հրահանգելով խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը։