Սկսել են ակտիվանալ Գյումրին թալանած, ծիածանի գույների հետ փոխվող ենթամշակույթներ կրող անձինք․ Սարուխանյան
ԱԺ պատգամավոր, Գյումրիում քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածու Կարեն Սարուխանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Գյումրիում ոմն մեկը, ում «բացարձակ ինքը չի ճանաչում», իրեն բնորոշ թատերական կեցվածքով և արկածախնդիր պահվածքով` հուժկու մենամարտի մեջ է մտել երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված ծաղկեպսակներից մեկի հետ։
«Ստեղծված իրավիճակից Գյումրիում սկսել են ակտիվանալ քաղաքը տարիներով թալանած, բազմաթիվ քրեական գործերով անցնող, ապօրինի կալվածքների տերեր, ծիածանի գույների հետ փոխվող ենթամշակույթներ կրող անձինք, որոնց նպատակը մեկն է՝ քրեական գործերի հանգուցալուծմանը զուգահեռ փորձել մտնել քաղաքականություն՝ հետո այդ ամենը քաղաքական հետապնդում որակելու համար։
Սիրելի՜ Գյումրեցի,
Մեր քաղաքն այլևս մեջ-մեջ անողներին մերժելու է, դրանց դուք լա՜վ եք ճանաչում, քաղաքականությամբ զբաղվող, բայց մեծ բեմերի դերասանների կարիք չունի՜ այս քաղաքը։
Գյումրին պե՜տք է ունենա Գյումրեցու մասին մտածող, ո՜չ թե սեփական շահը հետապնդող, Գյումրին սիրող, ո՜չ թե թալանող, Գյումրու զարգացման և բարօրության մասին մտահոգ, ուժեղ համայնքի ղեկավար և կարողունակ քաղաքական թիմ, որին ընտրելու հնարավորություն Դուք ունենալո՜ւ եք՝ այս փուլում ակտիվ մասնակցելով Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություններին, իսկ հետագայում՝ այն ամրագրելով Գյումրու ՏԻՄ արտահերթ ընտրությունների ժամանակ»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 8-ին Գյումրիում մեկնարկել են քաղաքապետի պաշտոնակատարի նախնական ընտրությունները:
Քաղաքապետի պաշտոնակատար դառնալու համար ինքնառաջադրվել է 7 թեկնածու՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Դավիթ Առուշանյանը և Կարեն Սարուխանյանը, ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն Սարիկ Մինասյանը, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, Գյումրու ավագանու անդամ Շավարշ Արամյանը, 33-ամյա Լևոն Անանյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրացման բաժնի ավագ մասնագետ Էմմա Բարսեղյանը: