«Գոյ»-ը տոնել է հիմնադրման 36-ամյակն ու հայտարարել նստացույցը դադարեցնելու մասին
«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը, որը նոյեմբերի 7-ից նստացույց էր իրականացնում թատրոնի փակ դռների առաջ՝ պահանջելով թատրոնի շենքում շարունակել իր ստեղծագործական գործունեությունը, դեկտեմբերի 8-ին տոնել է թատրոնի հիմնադրման 36-ամյակը և հայտարարել նստացույցը դադարեցնելու մասին:
«Գոյ»-ի աշխատակիցները թատրոնի դռան առջև համախմբել են իրենց երկրպագուներին ու հատվածներ խաղացել տարբեր ներկայացումներից:
«Գոյ»-ի ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը շնորհավորել է բոլորին, շնորհակալություն հայտնել ցրտին դիմանալու համար: «Նստացույցը մեր պասիվ գոյամարտն էր: Այսուհետ մենք կսկսենք մեր ակտիվ գոյամարտը»,-նշել է նա:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է «Գոյ» թատրոնի վարչական հատվածը կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը «Գոյ» թատերախումբ անունով կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որը նախագծի հեղինակն է, վստահեցրել էր, որ այդ պարագայում «Գոյ»-ը կարող է ընդլայնել իր հնարավորությունները:
2024 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպել է՝ միավորելով այն Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ:
«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը դեմ է միավորմանը: Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։