ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Սիրիայի հարցով արտակարգ նիստ կանցկացնի
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 9-ին փակ դռների հետևում արտակարգ նիստ կանցկացնի՝ քննարկելու Սիրիայում ստեղծված իրավիճակը նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից և երկրից նրա հեռանալուց հետո, հաղորդում է France24 պարբերականը։
ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտնել է, որ արտակարգ նիստը հրավիրվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ։
Նիստը կկայանա Նյու Յորքի ժամանակով 15:00-ին։
Սիրիայի հակակառավարական ուժերը Հոմսը գրավելուց հետո առանց դիմադրության հանդիպելու դեկտեմբերի 8-ին գրավել են Դամասկոսը։ Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընտանիքի հետ Մոսկվայում է. նրանց ապաստան է տրամադրվել։
Անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցած զարգացումներին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ սա պատմական պահ է սիրիացիների համար՝ կառուցելու ավելի լավ ապագա։ Նա նաև խոստացել է թույլ չտալ, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն օգտվի Սիրիայում ստեղծված իրավիճակից։