«Երկնքից կրակ ա թափվում, չենք պրծնի»․ Գուրգեն Զաքարյանը զոհվել է 2022 թվականին՝ Սյունիքում
2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը սանձազերծեց ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան և սուվերեն տարածքի դեմ՝ Սյունիքում, Ջերմուկում, Գեղարքունիքում թիրախավորելով մի շարք տարածքներ։
Գուրգեն Զաքարյանը բանակ էր զորակոչվել՝ աչքի առաջ ունենալով 2020 թվականի անձնազոհ հերոսներին, որոնք կյանքի գնով, մինչև վերջ կռվեցին ու Արցախը պահեցին հայկական, գրում է Iravaban.net-ը։
Բանակից խուսափելու մոր հորդորներին, աղաչանքներին Գուրգենը պատասխանել էր․ «Մամ, 2020 թվականին մենք հանգիստ քնում էինք տղաների կյանքի գնով, հիմա մեր հերթն է։ Հիմա ես պետք է պարտքս տամ հայրենիքին»։
«Քայլող կալկուլյատոր»․ այս մականունն էին դրել Գուրգենին, ով շատ լավ հաշվարկներ էր կատարում ու երազում ԱԹՍ ստեղծելու մասին։
Բարձրահասակ, կապուտաչյա, սպիտակամաշկ, շիկահեր Գուրգենը պետք է ծառայեր ռուսական զորամասում, բայց հրաժարվել էր «հեշտ ծառայությունից»։ Լուսակերտում ծառայել է 6 ամիս, ապա կրտսեր սերժանտի կոչումով զորակոչվել Սյունիքի մարզ։
«Գիշերը ամուսինս զանգեց․ պատերազմ է սկսվել։ Սեպտեմբերի 13-ին լացելով խոսում էի Գուրգենի հետ, ասաց՝ մամ, մեր տեղն այնքան լավ է, ապահով ենք, մի վախեցիր։ Երեկոյան նորից զանգեց, շատ հանգիստ էր։ Սեպտեմբերի 14-ի առավոտյան էլ զանգեց: Արագ-արագ խոսեց ինձ հետ ու հոր հետ։ Այդ ժամանակ ձայնը դուրս չեկավ։ Ասաց՝ պապ ջան, հանկարծ չխեղճանաս «դոմիկ» եմ տրաքացրել, պապ, հանկարծ չտխրեք, ամեն ինչ լավ է լինլու։ Ու վերջին բառը՝ մամ ջա՜ն, երկարացրեց ու անջատեց։ Եղավ մեր վերջին խոսելը»,-պատմեց մայրը՝ Հասմիկ Մադոյանը։
Գուրգեն Զաքարյանը զոհվել է 2022 թվականի սեպտեմբերի 14-ին «Քաչալ սարի» հատվածում։