Իշխանությունը կիսելու «հրապուրիչ» գործընթաց․ Սիրիայում ամեն ինչ դեռ նոր է սկսվում. իրանագետ
Եթե թվում է թե Սիրիայում ամեն ինչ ավարտվել է, ապա դա կոպտագույն սխալ է, գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Սիրիայում ամեն ինչ դեռևս նոր է սկսվում, և այս պահին ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ի՞նչ զարգացումներ են տեղի ունենալու առաջիկայում։
Արդեն իսկ ակտիվ բախումներ են ընթանում քրդական և թուրքամետ ուժերի միջև, ըստ ադրբեջանական աղբյուրների՝ նաև թուրքական օդուժի ուղղակի ներգրավմամբ։
Իսրայելում ակտիվորեն աշխատում են Գոլանի բարձունքերից հյուսիս Սիրիայի տարածքում դրուզների ինչ-որ ինքնավար միավորի ստեղծման կամ այդ տարածքն Իսրայելին փաստացիորեն կցելու ուղղությամբ։
Նեթանյահուն իր ելույթում հատուկ առանձնացնում է սիրիացի քրդերին, իսկ իսրայելական ԶԼՄ-ները խոսում են քրդական ուժերին իսրայելական հնարավոր աջակցության մասին։
Ռուսաստանը ձգտելու է առնվազն պահպանել իր ծովային ռազմակայանը Տարտուսում, իսկ Իրանը՝ ապահովել ցամաքային կապը Լիբանանի հետ Սիրիայում ձևավորվելիք նոր իրողությունների պայմաններում։
Ինչպես ցանկացած այլ նմանատիպ կազմավորում, «Թահրիր ալ-Շամը» ևս արդեն հանգիստ կարող է փոխել իր աջակցին, հատկապես, եթե գտնվեն Էրդողանից ավելի հարուստ «հովանավորներ», իսկ այդպիսիք արաբական աշխարհում կան։
Սիրիայում նոր ձևավորվելիք իշխանությունն էլ առայժմ «հանելուկային» է, որովհետև միմյանց կոտորելու պատրաստ տարբեր խմբավորումները «միասնական» էին, քանի դեռ կար ընդհանուր թշնամի՝ ի դեմս Բաշար ալ-Ասադի, մինչդեռ այժմ ոչ միայն նա չկա, այլ նաև սկսվելու է իշխանությունը կիսելու «հրապուրիչ» գործընթացը»։