49-ամյա կինը բուժօգնություն ստանալիս մահացել է. մանրամասներ և լուսանկարներ շենքերից մեկում բռնկված հրդեհից
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դեկտեմբերի 8-ին՝ ժամը 14։43-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 8ա շենքի բնակարաններից մեկում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկի ննջարանում:
Փրկարարները բնակարանից դուրս են բերել տանտիրուհուն՝ Ֆ․ Կ․-ին (ծնված 1975 թ.) և շենքից տարհանել ևս 15 բնակչի: Ֆ․ Կ․-ն տեղում բուժօգնություն ստանալիս մահացել է։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:14-ին, մարվել՝ 16:12-ին: Այրվել է ննջարանի (մոտ 20 քմ) գույքը։