Հայտնի են Վեսթ Հեմի հարձակվողի լուրջ վթարի և նրա փրկության մանրամասները
Էսսեքսի ոստիկանությունն ու հրշեջ ծառայությունը հայտնել են «Վեսթ Հեմի» հարձակվող Մայքլ Անտոնիոյի վթարի մանրամասները։ Դեկտեմբերի 7-ին, 34-ամյա հարձակվողը, ով ներկայացնում է Ճամայկան, ավտովթարի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց։ Թիմի փոխանցմամբ՝ խաղացողը գիտակից է, իսկ նրա վիճակը՝ կայուն։
Էսսեքսի ոստիկանությունը հայտնում է, որ այժմ որոնում է միջադեպի վկաներին։
«Ոստիկանությունը, որը հետաքննում է Էպինգում տեղի ունեցած լուրջ վթարը, որոնում է վկաներին և տեսագրություններ։ Դեկտեմբերի 7-ին՝ շաբաթ օրը, ոստիկանությանը տեղեկացրել են Կոպիս-Ռոու փողոցում վթարի մասին՝ ենթադրաբար «Ֆերարի» մակնիշի մեքենայի մասնակցությամբ։ Օգնության ծառայությունները ժամանել են դեպքի վայր, իսկ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Մեքենան հայտնաբերվել է, և դեպքի վայրում այլևս գործողություններ չեն իրականացվում։ Հետաքննությունն իրականացնելու է ճանապարհային ոստիկանության բաժինը», — նշված է ոստիկանության հայտարարությունում։
Հրշեջ ծառայությունը հաղորդել է, որ վթարից հետո Անտոնիոն հայտնվել է իր մեքենայում արգելափակված վիճակում։ Փրկարարները ստիպված են եղել նրան ազատել մեքենայից։
«Հրշեջները կանչվել են 13:02-ին՝ մեկ մեքենայի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի մասին հաղորդագրությունից հետո։ Դեպքի վայր հասնելով՝ նրանք հայտնաբերել են, որ տղամարդը արգելափակված է իր մեքենայում։ Անտոնիոյին ազատելու աշխատանքները տևել են մինչև 13:45։ Նա փոխանցվել է շտապ օգնության ծառայությանը», — Armsport-ի փոխանցմամբ՝ նշված է Էսսեքսի հրշեջ ծառայության հայտարարությունում, որը մեջբերել է Sky Sports-ը։
Այս մրցաշրջանում Անտոնիոն «Վեստ Հեմի» կազմում անցկացրած 15 խաղում խփել է 1 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։