Ես հիասթափված եմ, սա հանդիպում էր, որը մենք պետք է հաղթեինք․ Ֆլիկ
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն ամփոփել է «Բետիսի» դեմ խաղի արդյունքները. Լա լիգայի 16-րդ տուրի արտագնա խաղում կատալոնական ակումբը ոչ-ոքի՝ 2-2 հաշվով է ավարտել հանդիպումը։
«Ես հիասթափված եմ այն ամենից, ինչ տեղի ունեցավ խաղադաշտում, քանի որ սա հանդիպում էր, որը մենք պետք է հաղթեինք: Մենք վատ սկսեցինք, բայց միայն գոլից հետո սկսեցինք ավելի լավ խաղալ: Երկրորդ խաղակեսում մենք ցանկանում էինք բարելավել մեր խաղը, սակայն դա տեղի չունեցավ։
Մեզ թարմ ֆուտբոլիստներ էին պետք, ուստի ես փոխարինեցի կարևոր ֆուտբոլիստներին՝ մտածելով չորեքշաբթի կայանալիք հանդիպման մասին, քանի որ մենք կարևոր խաղ ունենք Չեմպիոնների լիգայում։ Սակայն դա արդարացում չէ երկու միավոր կորցնելու համար։
Սա լավագույն խաղը չէր, բայց մենք երիտասարդ թիմ ունենք և սովորելու շատ բան ունենք: Մեր պարտականությունն է կատարելագործվել: Այսօր խաղը շատ դանդաղ էր, և մենք չափազանց երկար փոխանցումներ կատարեցինք: Սա մեր ուժեղ կողմը չէ, քանի որ ստիպում է շատ վազել։
Իմ հեռացո՞ւմը․․․ Դա արձագանք էր իմ գործողություններին: Չեմ խոսի մրցավարների մասին։ Չափազանց երկար ժամանակ պահանջվեց՝ որոշելու համար՝ դա 11 մետրանոց էր, թե ոչ։ Ես համաձայն եմ կարմիր քարտի հետ, բայց հիասթափված եմ, քանի որ սա առաջին անգամ է ինձ հետ պատահում»,- Armsport-ի փոխանցմամբ՝ մեջբերում է Ֆլիկին Mundo Deportivo-ն: