Ջավախքում հարգանքի տուրք են մատուցել 88-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին
Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնը տեղեկացնում է, որ այսօր Սուրբ Խաչ եկեղեցում տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ 1988թ․ Սպիտակի երկրաշարժի զոհերի։
«36 տարի է անցել Սպիտակի աղետալի երկրաշարժից։ ՀՀ հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանները, այդ օրը՝ 1988թ․ դեկտեմբերի 7-ին, ժամը 11։41-ին, ցնցվեցին 7 մագնիտուտը գերազանցող, կես րոպե տևած ավերիչ երկրաշարժից։ Ավելի քան 25 հազար մարդու կյանք ընդհատվեց, վիրավորվեցին տասնյակ հազարավորներ, անօթևան մնացին հարյուր հազարավոր մարդիկ։
Այսօր՝ ժամը 12:00-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ 1988թ․ Սպիտակի երկրաշարժի զոհերի, որին մասնակցեցին նաև Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի մանկավարժներն ու աշակերտները: Նրանք ծաղկեպսակ դրեցին եկեղեցու բակում երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին և մասնակցեցին մոմավառությանը»։