Մինչ մահը չբաժանի՞․ Nike-ն ու Բրազիլիայի հավաքականը գերշահավետ պայմանագիր են կնքել
Բրազիլիայի ազգային հավաքականը 12 տարով երկարաձգել է Nike ընկերության հետ իր պայմանագիրը՝ մինչև 2036 թվականը։
Պայմանագրին ծանոթ աղբյուրը The Associated Press-ին հայտնել է, որ համաձայնագիրը կազմում է տարեկան 100 մլն դոլար, ինչպես նաև՝ ռոյալթի ազգային թիմի մարզաշապիկների վաճառքից, որը չի ներառվել նախորդ պայմանագրերում:
Աղբյուրը հանդես է եկել անանունության պայմանով, քանի որ նրան լիազորված չէին բացահայտել գործարքի մանրամասները: Առաջին անգամ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան կստանա ապրանքների արտոնագրման և ամբողջ աշխարհում խանութներ բացելու իրավունք:
«Այս պայմանագիրը ցույց է տալիս բրազիլական ֆուտբոլի ուժը», — ասել է CBF-ի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսը: «Դա ֆուտբոլի ամենաերկարաժամկետ և հաջողակ գործընկերություններից մեկն է, և մենք միասին կշարունակենք տոնել բրազիլական ֆուտբոլի փառքն ու հարգել jogo bonito-ի ժառանգությունը»:
Բրազիլիան և Nike-ը առաջին անգամ համագործակցեցին 1996 թվականին, և նրանց վերջին պայմանագիրը պետք է ավարտվեր 2026 թվականին:
Մարտին Nike-ը պայմանագիր է կնքել Գերմանիայի ֆուտբոլային ֆեդերացիայի հետ՝ Adidas-ին փոխարինելու համար՝ որպես հավաքականների հագուստի և սարքավորումների մատակարար՝ 2027-2034 թվականներին: Համաձայնագիրը, ըստ հաղորդումների, կազմում է մոտ 100 միլիոն եվրո (108 միլիոն դոլար): Գերմանիայի և Adidas-ի 70 տարվա հարաբերությունները անսասան էին թվում:
Nike-ի հովանավորած այլ ազգային հավաքականները ներառում են Ավստրալիան, Խորվաթիան, Անգլիան, Ֆրանսիան, Նիգերիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սաուդյան Արաբիան և Հարավային Կորեան, փոխանցում է Armsport-ը։