1988թ.-ից հետո դեկտեմբերին շատ ավելի էական տաքացումներ են եղել, սակայն երկրաշարժ չի արձանագրվել. Սուրենյան
Մթնոլորտային երևույթները կապ չունեն երկրաբանականի հետ․ 1988թ.-ից հետո դեկտեմբերին շատ ավելի էական տաքացումներ են եղել, սակայն երկրաշարժ չի արձանագրվել։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«1988 թվականի դեկտեմբերի 7-ին շատ տաք է եղել, Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +13…+15, Գյումրիում մոտ +8...+10 աստիճանի: Այս հանգամանքով է պայմանավորված այն մտավախությունը, որ երբ ձմռանը օդի ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է, մարդիկ մտածում են, որ երկրաշարժ է լինելու:
Սակայն գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մթնոլորտային երևույթները կապ չունեն երկրաբանական երևույթների հետ, դա պարզապես համընկել է: 1988թ.-ից հետո դեկտեմբերին շատ ավելի էական տաքացումներ են եղել, սակայն երկրաշարժ չի արձանագրվել»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ 36 տարի առաջ այս օրը տեղի է ունեցել Սպիտակի ավերիչ երկրաշարժը։