«Ինտեր»-ը հաղթեց «Պարմա»-ին. Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցումների հեղինակ
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 15-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Պարմա»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միլանում կայացած խաղի մեկնարկում «Ինտեր»-ը առավել շատ էր տիրում գնդակին, և թե’ Հենրիխ Մխիթարյանը,թե՛ Լաուտարո Մարտինեսը լավ հնարավորություններ ունեին` բացելու հանդիպման հաշիվը: Խաղի 40-րդ րոպեին, ստանալով Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը, Դիմարկոն դարձավ գոլի հեղինակ:
Երկրորդ կեսի մեկնարկում` 56-րդ րոպեին, կրկին ստանալով Մխիթարյանի փոխանցումը, այս անգամ Նիկոլո Բարելան երկրորդ անգամ գնդակն ուղարկեց «Պարմա»-ի դարպասը: «Ինտեր»-ին հաջողվեց նաև երրորդ անգամ գրավել մրցակցի դարպասը: 67-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մարկուս Թյուրամը: Հանդիպման վերջնամասում «Ինտեր»-ից ինքնագոլի հեղինակ դարձավ Մատեո Դարմիանը:
«Ինտեր»-«Պարմա»` 3:1:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 3-րդն է: