Հանրային խորհրդի կողմից կձևավորվի փաստահավաք հանձնաժողով
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Հանրային խորհրդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը, որով մեկնարկ է տրվել ՀՀ-ում փաստահավաք գործառույթներ իրականացնող մարմնի՝ փաստահավաք հանձնաժողովի ձևավորման աշխատանքներին:
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը նշել է, որ այս հանձնաժողովի հիմնական գործունեությունն ուղղված է լինելու ՀՀ-ում 1991 թ․ մինչև 2023 թ․ ներառյալ ժամանակահատվածում որոշակի ոլորտներում մարդու իրավունքների հիմնարար և պարբերական խախտումների բացահայտման ուղղությամբ փաստահավաք գործունեություն իրականացնելուն և դրանց վերաբերյալ փաստահավաք զեկույց կազմելուն:
Փաստահավաք հանձնաժողովը իր գործունեության ընթացքում իրականացնելու է մի շարք գործառույթներ, ինչպիսիք են տեղեկությունների հավաքագրումը, նյութերի ուսումնասիրությունները, հարցազրույցների և հանրային լսումների անցկացումը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ այցելությունները և այլն:
Նախարարի տեղակալի խոսքով՝ փաստահավաք հանձնաժողովը կազմված է լինելու 7 անդամից, որոնք ընտրվելու են մրցութային բաց ընթացակարգի միջոցով՝ Հանրային խորհրդի կողմից: Միաժամանակ, ընդգծվել է, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմավորվելու է նոր Հանրային խորհուրդ, և գործող Հանրային խորհրդի լիազորությունները դադարելու են:
Նախարարի տեղակալի գնահատմամբ՝ այս քայլը կարևոր մեկնարկ է ինչպես Հանրային խորհրդի նորովի գործարկման, այնպես էլ հիմք է նոր ձևավորված Հանրային խորհրդի կողմից փաստահավաք հանձնաժողովի ձևավորման համար: