Արմավիրում քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք
Դեկտեմբերի 5-ին, ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչության ծառայողները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք, հաղորդում է Shamshyan.com-ը:
Նրանք օպերատիվ տեղեկություններ են ստացոել, որ Արմավիրի մարզի բնակիչներից մեկի մոտ, ով 44-օրյա պատերազմի մասնակից է եղել, մեծ քանակի զենք-զինամթերք կա:
Բացատրական աշխատանքի արդյունքում այդ քաղաքացին Արմավիրի քրեական ոստիկանության վարչության ոստիկաններին հայտնել է, որ իր մոտ եղած զենք-զինամթերքը թողել է Արմավիր քաղաքի՝ ժողովրդին հայտնի կաթի գործարանին հարակից վայրերից մեկում:
Ոստիկանները մոտ 1 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են զենք-զինամթերքը՝ պոլիէթիլենային տոպրակներով:
Այնտեղ եղել է 6 հատ ինքնաձիգ, մասնավորապես` առանց գործարանային համարի «ԱԿՄՍ» տիպի մի քանի ինքնաձիգ՝ իրենց փամփշտատուփով, 1823 գործարանային համարի «ԱԿՄՍ» տիպի ինքնաձիգ՝ իր փամփշտատուփերով, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ՝ իր փամփշտատուփով, «ԱԿՄ» տիպի առանց խզակոթի ինքնաձիգ իր փամփշտատուփով, ինքնաձիգի նմանվող ինքնաշեն հրազեն իր փամփշտատուփով, 4 հատ ատրճանակ, մասնավորապես՝ 5,6 մմ տ/չ ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, «Բերետա» տիպի ձևափոխած 5,6 մմ տ/չ ատրճանակ, «ՄՊ 654Կ» տիպի 4,5 մմ տ/չ « Բայկալ» տեսակ օդաճնշիչ ատրճանակ, «Բարիկադ-U17» տիպի 9 մմ տ/չ գազային ատրճանակ, 5 հատ հրացան, մասնավորապես՝ ջնջված գործարանային համարներով «ԻԺ» տիպի 16 մմ տ/չ մեկ փողանի ողորկափող հրացան, 6738 գործարանային համարի «ԻԺ 26» տիպի 16 մմ տ/չ երկփողանի ողորկափող հրացան, «ՄՑ 2112» տիպ մեկ փողանի 12 մմ տ/չ ողորկափող հրացանի փող, մեկ փողանի «ԻԺ» տիպի 16 մմ տ/չ ողորկափող հրացան, «ԻԺ 18Մ» տիպի մեկ փողանի 16 մմ տ/չ մեկ փողանի ողորկափող հրացան, «ԻԺ» տիպի 32 մմ տ/չ մեկ փողանի ողորկափող հրացան, փողատակային նռնականետ, 13 հատ փողատակային նռնականետի նռնակ, սվին դանակ, 5 հատ «ՈՒԶՌԳՄ» նոնակի պաթուցիչ, 2 հատ հակագազ իր լրակազմով, ուսումնական իմիտացիոն փամփուշտ, 26 մմ տ/չ ազդանշանային փամփուշտ, 20 մմ տ/չ, 12,7 մմ տ/չ և 14,5 մմ տ/չ փամփուշտներ, 637 հատ 7,62 մմ տ/չ ինքնաձիքի փամփուշտ, 126 հատ 7,62 մմ տ/չ գնդացիրի փամփուշտ, 2 հատ «Ֆ-1» տիպի նռնակ, ուսումնական նռնակ՝ իր պայթուցիչով։
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել է դատաձգաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ: