Վերջապես Հայաստանի պաշտպանության որևէ նախարար 2018թ.-ից հետո ընդունվեց Պենտագոնի ղեկավարի կողմից. Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրել է.
«Վերջապես Հայաստանի պաշտպանության որևէ նախարար 2018թ.-ից հետո ընդունվեց Պենտագոնի ղեկավարի կողմից: Կարևոր չէ, որ ընդունող պաշտպանության քարտուղարը շուրջ 40 օրից պաշտոնաթող է լինելու:
Կարևոր չէ, որ Թրամփի գալով Պենտագոնը սկզբունքային փոփոխությունների է ենթարկվելու: Կարևոր չէ նաև, որ հեռացող վարչակազմերի ներկայացուցիչները հրաժեշտի հանդիպումներ են ունենում տարբեր գործընկերների հետ և նման դեպքերում էական պայմանավորվածությունների չեն գնում:
Կարևոր է օրակարգը, որի մասին խոսվում է: Այն կրկին պտտվում է ամերիկյան օգնության շուրջ: Ուրիշ որևէ էական համագործակցային գաղափար Հայաստանն ամերիկյան գործընկերներին չկարողացավ առաջարկել հետհեղափոխական Հայաստանում:
Իսկ օրակարգը հետևյալն է. «ԱՄՆ զինված ուժերի հետ փոխգործակցելիության մակարդակի բարձրացում՝ ռազմական կրթության, մարտական պատրաստության, միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում վարժանքներ, արհեստավարժ սերժանտական և հրահանգչական ինստիտուտների զարգացում, ՀՀ զինված ուժերի ուսումնավարժական կարողությունների ստեղծում»: