Իշխանափոխության հարցում ընդդիմությունը ձախողվել է․ Հայկ Մամիջանյան
Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը վստահեցնում է՝ թեև դեռևս չեն հասել իշխանափոխության իրենց նպատակին, սակայն անհաջողությունից, ձախողումից չեն հոգնելու:
Մամիջանյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով իշխանության հեռացնելու հարցում ընդդիմության ձախողման վերաբերյալ հարցին:
Նա շեշտեց՝ ընդդիմութունը եկել է խորհրդարան իշխանափոխության օրակարգով, և քանի դեռ primeminister.am-ում Նիկոլ Փաշինյանի լուսանկարն է, ընդդիմությունը ձախողվել է:
Ըստ նրա՝ սխալների վերլուծություն արվում է: «Այդ սխալների մեջ կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ բացթողումներ: Այս սխալների մեջ կան բաներ, որոնց շտկումը հեշտ է, ենթադրում է քաղաքական տեխնոլոգիայի մակարդակում փոփոխություններ, կան սխալներ, որոնց շտկումը ենթադրում է գաղափարախոսական շտկումներ»,-ասաց Մամիջանյանը՝ հավելելով, որ տեսախցիկների առջև դրանք չի քննարկում գործընկերների հետ:
Ըստ նրա՝ իրենք դեռևս իրենց ցանկացած արդյունքին չեն հասել, սակայն չի գալու մի պահ, որ այս կամ այն ձախողումից հոգնեն ու հրաժարվեն իրենց նպատակից:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ նշեց, որ իշխանափոխության իրենց քաղաքական նպատակն ուժի մեջ է: