ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին փաստաթղթեր Հայաստանից չեն ստացվել․ Լավրով
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Հայաստանի վարչապետի հայտարարությունը ՀԱՊԿ-ի կազմից դուրս գալու մասին և նշել, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին փաստաթղթեր Հայաստանից չեն ստացվել։
«Մենք Հայաստանի վարչապետի՝ խորհրդարանում արված հայտարարությունները լսել ենք, նա այդ թեմայով շատ է խոսել, դատողություններ արել։ Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրում, բայց համոզված ենք, որ Հայաստանի անվտանգության շահերից է բխում առավելագույնս օգտագործել ՀԱՊԿ-ին անդամակցությունը։ Եթե կայացվի որոշում, որի մասին նա խոսում է որպես կանխորոշված, ապա դա կլինի ներկայիս հայկական ղեկավարության ինքնիշխան իրավունքը։ Ռուսաստանը և ՀԱՊԿ մյուս անդամները որևէ գործողություն, որը կընկալվի որպես Երևանի համար դռների փակում, չեն ձեռնարկել և չեն պատրաստվում ձեռնարկել», — նշել է Ռուսաստանի արտգործնախարարը։