Մեզ համար Օմանի Սուլթանությունը բարեկամ երկիր և վստահելի գործընկեր է․ նախագահը՝ դեսպանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Օմանի Սուլթանության արտակարգ և լիազոր դեսպան Համուդ Ալ-Թովայան (նստավայրը՝ Մոսկվա):
Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել: «Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևում է Օմանի Սուլթանության հետ հարաբերությունները: Մեզ համար Օմանի Սուլթանությունը բարեկամ երկիր և վստահելի գործընկեր է»,- ասել է նախագահ Խաչատուրյանը և նշել, որ արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է:
Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Թույլ տվեք նաև փոխանցել Նորին Մեծություն Օմանի սուլթան Հայթամի ողջույններն ու լավագույն մաղթանքներն անձամբ Ձեզ և բարեկամ հայ ժողովրդին»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև քաղաքական, տնտեսական, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության առաջմղման ուղղությունների և հնարավորությունների վերաբերյալ հարցեր:
Կարևորվել է երկու երկրների փոխգործակցային ներուժի իրականացման նպատակով քայլերի ձեռնարկումը:
Կողմերը երկուստեք ընդգծել են տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության և փոխայցելությունների առանձնահատուկ դերը երկրների հարաբերությունների և համագործակցության ամրապնդման գործում: