Միջազգային հանրությունը պետք է արձագանքի Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին. Իրանի արտգործնախարար
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է անհապաղ և ադյունավետ պատասխան տա Սիրիայում վերջին զարգացումներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։
Տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների արտգործնախարարների 28-րդ հանդիպման ընթացքում Արաղչին նաև կոչ է արել, որ տարածաշրջանային երկրները համակարգված արձագանք տան Սիրիայում ծավալված իրադարձություններին։
Իր խոսքում Արաղչին նաև անդրադարձել է Գազայում «սիոնիստական ռեժիմի դաժան հանցագործություններին», ինչպես նաև Լիբանանում հրադադարին։ Սիրիայում գրոհայինների հարձակումների մեջ Իրանի արտգործնախարարը մեղադրել է նաև ԱՄՆ-ին և Իսրայելին։
Անցյալ շաբաթ Սիրիայում հակակառավարական ուժերը հարձակում են սկսել Իդլիբի և Հալեպի նահանգներում։ Նրանց հաջողվել է արագ վերահսկողության տակ առնել մի շարք բնակավայրեր, ինչպես նաև Հալեպը։ Հալեպի գրավումը Սիրիայի հակակառավարական ուժերի ամենամեծ հաջողությունն է վերջին տարիների ընթաքում։ 2016 թվականից ի վեր Սիրիայի կառավարությունը լիակատար վերահսկողության տակ էր վերցրել քաղաքը։
Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ Իրանի աջակցությունը վայելող հարյուրավոր իրաքցի մարտիկներ անցել են Սիրիա, որպեսզի կառավարական ուժերին օգնեն գրոհայինների դեմ պայքարում։