Հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին դատախազին. փոխքաղաքապետը՝ վարորդների ակցիայի մասին
Քանի որ կարծում եմ, որ նման գործընթաց կազմակերպելը և դրանում ակտիվ ներգրավվելը նախապես համաձայնության տարրեր կարող են լինել, ուզում եմ ձեզ հայտնել, որ ես համապատասխան հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի նախաքննություն իրականացվի և պարզվի՝ արդյոք մենք գործ ունե՞նք աշխատանքային պարտականությունների չկատարման հետ, որն առաջացնում է օբյեկտիվորեն որոշակի ծանր հետևանքներ, թե մենք այստեղ առնվազն առանձին անձանց մասով գործ ունենք մի երևույթի հետ, որոնք իրենց հակաօրինական վարքագիծը հատել են ոչ միայն աշխատանքային օրենսդրությամբ իրենց պարտականությունների սահմանը, այլև քրեական օրենսդրության սահմանը: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով վարորդների բողոքի ակցիային:
«Էլի եմ ասում՝ ուղղակի այսքան մարդու առավոտյան հնարավորություն չտալը աշխատանքի հասնելու, դա այն է, ինչ մենք բոլորս պատկերացնում ենք, որը վստահաբար եղել է»,- ասաց նա և հավելեց, որ չի բացառում այդ արարքների տակ կան քրեաիրավական գնահատականի արժանի տարրեր:
«Խաղ չեն անում նման երևույթների հետ, և աշխատանքային մեր խնդիրները բարձրաձայնելու ընթացակարգեր կան, դա երբեք հանրության հաշվին չի կարելի անել: Մեզնից կախված գործողությունները և գործիքակազմն ամբողջությամբ կիրառելու ենք, որ նախ իրավիճակը հնարավորինս շուտ հանգուցալուծվի և կանխենք միտքը, որ նման իրավիճակ հետագայում կարելի է ստեղծել»,- ասաց նա: