Ի՞նչ հիմքով են ազատվել գործադուլ իրականացրած 18 վարորդները․ պարզաբանում
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ հայտնելով, թե ինչ հիմքով են ազատվել գործադուլ իրականացրած 18 վարորդները:
«Հարգելի՛ գործընկերներ
տեղեկացնում եմ, որ 18 վարորդների աշխատանքի ազատման հիմքը հետևյալն է՝
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ և 122-րդ հոդվածներ, որոնց համաձայն՝ գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը կատարել է այնպիսի արարք, որի հետևանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս։
Նշված հիմքով նախատեսված դեպքերում գործատուն իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծելու՝ առանց աշխատողին ծանուցելու»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վաղ առավոտից գործադուլ էր: Վարորդներից մի քանիսը հայտնել էին, որ աշխատանքային պայմանների բարելավում և աշխատավարձերի բարձրացում են պահանջում։
Երևանի քաղաքապետարանը արձագանքել էր ավտոբուսների վարորդների կազմակերպած գործադուլին և նշել՝ որքան աշխատավարձ են ստանում նրանք:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ևս անդրադարձել է հասարակական տրանսպորտի վարորդների գործադուլին՝ նշելով, որ կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության, որևէ տեսակի շանտաժի չեն տրվելու, կոմպրոմիսի չեն գնալու։