Նիկ Էգիբյանի ամենահիշվող Նոր տարին, Օլիվիե աղցանը, հարբած մարդիկ, ամանորյա նվերներն ու 2014 թ-ի բարեմաղթանքները (լուսանկարներ)
Ամանորի հետ կապված իր հիշողություններով ու դրական լիցքերով Operativ.am-ի թղթակիցի հետ կիսվեց հայկական շոու բիզնեսի ամենաինքնուրույն երգիչներից մեկը՝ Նիկ Էգիբյանը: Վերջինս պատմեց ամանորյա երազանքների և Ձմեռ պապից խնդրած նվերների մասին: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.
-Ետ նայենք 2013 թ-ին. արդյո՞ք իրականացրել եք Ձեր առջև դրված նպատակները: Գո՞հ եք 2013 թ-ից:
-Գոհ եմ արված աշխատանքից, բայց, ցավոք, բոլոր նպատակներս չեն իրականացել: Բնականաբար, ամեն ինչ իմ ձեռքերում էր, բայց երևի մի քիչ շատ բծախնդիր էի ամեն ինչի նկատմամբ և որոշակի նպատակներ իդեալական չստացվելու պատճառով չիրականացրի:
-Ի՞նչ է Ձեզ համար Նոր տարին. կփորձե՞ք մի քանի բառով նկարագրել:
-Նոր տարին առաջին հերթին աշխատանք է, քանի որ ամբողջ գիշեր համերգների եմ լինելու տարբեր վայրերում: Նոր տարին Օլիվիե աղցանն է, ընկերներ, հոգնածություն, տոնածառ...ու շատ հարբած մարդիկ (ամեն ինչը պոզիտիվ առումով եմ իհարկե ասում):
-Հավատո՞մ եք Ձմեռ պապի գոյությանը: Երբևէ նամակ գրե՞լ եք նրան կամ գիշերն արթուն մնացել՝ իր գալը տեսնելու համար:
-Չգիտեմ ինչու, բայց մանկուց ոչ հավատացել, ոչ էլ չեմ հավատացել Ձմեռ պապիկին, քաղցր հեքիաթ է եղել միշտ ինձ համար: Ծնողներս երևի երջանիկ են, որ պարտավոր չեն եղել ինձ բացատրել Ձմեռ պապի՝ ներկա չլինելու փաստը: Միշտ ինքնամփոփ երեխա եմ եղել և ամեն ինչից առավել սիրել եմ երաժշտությունը. նույնիսկ իմ հեքիաթները պարտադիր պետք է պատմվեին երաժշտական սեգմենտներով: ))))
-Ո՞րն է եղել Ձեր ամենահիշվող Նոր տարին և ամենաթանկ (ոչ արժեքի առումով) նվերը:
-Ամենասիրելի Նոր տարիս եղել է 2011-2012-ը՝ անձնական պատճառներով, իսկ նվեր, եթե ճիշտն ասեմ, երբեք Նոր տարուն չեմ ստացել՝ երևի ելնելով նրանից, որ ընտանիքում ընդունված չի եղել:
-Արդեն պատրաստե՞լ եք ամանորյա նվերներ սիրելիների համար:
-Նվերներ վաղն եմ գնելու, ցավոք ժամանակ չի եղել դեռ այդ հարցերով զբաղվելու համար. նվերները կլինեն հետաքրքիր, հումորային (մեկ-մեկ սև հումորով) և անպայման հիշվող:
-Կա՞ արդյոք մեկն, ում ցավ եք պատճառել այս տարվա ընթացքում կամ ում ինչ-որ բան եք ցանկանում ասել:
-Առհասարակ, եթե ցավեցնում եմ ինչ-որ մեկի, նախընտրում եմ այդ հարցը չթողնել Նոր տարվա գալուն. այս տարի, բարեբախտաբար, ոչ մեկի չեմ ցավեցրել և ներողություն խնդրելու կարիք չի լինելու:
-Եթե հնարավորություն ունենայիք փոխելու մի բան, ինչ արդեն արել եք 2013-ի ընթացքում, ի՞նչը կլիներ դա:
-Երկու նոր տեսահոլովակ եմ նկարահանել՝ ուրիշ ձև կանեի և ուրիշ մարդկանց օգնությամբ, 2 անգամ Գերմանիա չէի գնա և քիչ հագուստ կգնեի՝ այս տարի «լիմիտս անցել եմ»: ))
-Եվ վերջում, ի՞նչ կմաղթեք մեզ բոլորիս:
-Կմաղթեմ համբերություն, հանդուրժողականություն, միախմբվածություն ու բարություն: Բոլորս երջանիկ, հաջողակ և ամենակարևորը առողջ լինենք: :))
Զրուցեց Սաթինե Թադևոսյանը