Աղազարանն իրեն թիմից դուրս է դրել, մեզ հետ ճանապարհ այլևս չունի շարունակելու. Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որոշմանը՝ մերժել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային խնդրանքը մանդատը վայր դնելու վերաբերյալ։
Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Աղազարյանի մերժումը, Սիմոնյանը պատասխանեց, որ բացասական է վերաբերվում։
«Հայաստանի Հանրապետության վարչապետը Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ դիմել է նրան հրապարակային խնդրանքով, և չեմ կարծում, որ նման պարագայում ճիշտ է այդ խնդրանքը անտեսելը և մերժելը։ Չեմ քննարկում պատճառները, չեմ ուզում մտնել այդ քննարկման մեջ»,- ասաց Սիմոնյանը։
Խոսելով Աղազարյանի հետ հանդիպման մասին, որից հետո լուրեր էին շրջանառվում, թե Ալեն Սիմոնյանը պատգամավորի վրա ճնշումներ է գործադրել, որպեսզի վերջինս մանդատը վայր դնի՝ ԱԺ նախագահը նշեց, որ պատգամավորի հետ անկեղծ զրույց է ունեցել՝ առանց ճնշումների։
«Անկեղծ զրույց տեղի ունեցավ, որովհետև երբ մեկը սպառնում է, դու գիտես, թե դրան ոնց ես պատասխանում, բայց եթե դու անկեղծ զրուցում ես և բաց խոսում ես, այդ պարագայում խոսակցությունը մասնակիցների միջև շատ ավելի բարդ է և էմոցիոնալ։ Եվ մենք բավականին երկար զրուցեցինք։ Ես նրա հետ քննարկել եմ այն հարցը, որ կա նման խնդրանք, և այդ խնդրանքը, կարծում եմ, պետք է բավարարվի»,- ընդգծեց Սիմոնյանը։
Լրագրողի հարցին, թե Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հարցը քննարկվո՞ւմ է, Սիմոնյանը պատասխանեց.
«Կարծում եմ, որ պարոն Աղազարյանը, եթե իրեն դնում է թիմից դուրս, իսկ դա թիմից դուրս դնել է, այդ թիմի հետ ճանապարհ այլևս չունի շարունակելու»։
Ըստ Սիմոնյանի՝ ՔՊ վարչության նիստի ընթացքում ինքը կկիսվի իր դիրքորոշմամբ Հովիկ Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հետ կապված։
«Ես չգիտեմ կուսակցության վարչությունն այսօր ինչ որոշում կկայացնի։ Եթե նման բան էլ տեղի ունենա, դա ուղղակի ստեղծված իրավիճակի արձանագրումն է, այլ ոչ թե նոր իրավիճակի ստեղծում»,- եզրափակեց Սիմոնյանը։
Հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում այդ ժամանակ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արգիշտի Քյարամյանի և պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև տեղի էր ունեցել թեժ բանավեճ, որը հասարակական լայն քննարկման առիթ էր դարձել։ Նույն նիստի ընթացքում պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, անդրադառնալով միջադեպին և դիմելով Քյարամյանին, հայտարարել էր, որ անընդունելի է պատգամավորների հետ ոչ հարգալից տոնով և ժեստիկուլյացիաներով խոսելը։
Վարչապետը ինչպես Քյարամյանին էր խնդրել հրաժարական տալ, այնպես էլ Զեյնալյանին ու Աղազարյանին խնդրել էր վայր դնել մանդատները: Քյարամյանը հրաժարական է ներկայացրել, Զեյնալյանը ևս վայր է դրել մանդատը:
Նոյեմբերի 26-ին Հովիկ Աղազարյանը հայտնել էր, որ իր մանկական, դպրոցական, ուսանողական ընկերոջ կողմից հեռախոսազանգ է ստացել այն մասին, որ ինքը շատ կնեղանա Աղազարյանից, եթե վարչապետի խնդրանքին արձագանքի՝ առանց իրեն տեսնելու։ Աղազարյանն ասել էր, թե սպասում է Մոսկվայից ընկերոջ գալուն, որից հետո կհայտնի իր որոշման մասին: Ավելի ուշ, Հովիկ Աղազարյանը մանդատը վայր չդնելու որոշում է կայացրել: