Միջնաժամկետում մեր դարավոր ու ռազմավարական խնդիրը լուծված է. Փաշինյան
Հայաստանի վարչապետը վստահ է, որ հենց գործող կառավարությունն է այն կառավարությունը, որ հնարավորություն է ունենալու ասել, որ երաշխավորել են Հայաստանի պետականության գոյությունն առաջիկա 100-ամյակի ընթացքում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը նման համոզմունք հայտնեց ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ունեցած ելույթում:
Վարչապետը հիշեցրեց՝ 2 տարի առաջ ԱԺ ամբիոնից հայտարարել է՝ եթե հաջողվի 1-2 տարի պահել Հայաստանի պետականությունը, դա նշանակելու է, որ առաջիկա հարյուրամյակում պետության գոյությունը պահպանելու իրական հնարավորություն է ստեղծվելու:
«Եվ ահա 2 տարի անց ես կանգնած եմ Հայաստանի խորհրդարանի ամբիոնի մոտ՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ: Եվ պիտի այսպիսով արձանագրեմ, որ միջնաժամկետում մեր դարավոր և ռազմավարական խնդիրը լուծված է»,-ասաց Փաշինյանը:
Նա սակայն շեշտեց, որ չի կարելի ոչ մի վայրկյան թուլացնել զգոնությունը, որովհետև այն մարտահրավերների մի զգալի մասը, որոնք առկա էին 2 տարի առաջ, դարձել են էականորեն ավելի կառավարելի, բայց նաև ի հայտ են եկել նոր մարտահրավերներ: Ըստ վարչապետի՝ նոր մարտահրավերները կառավարելու համար անհրաժեշտ է հաղթահարել «ազգ-նահատակ», «ազգ-բանակ» բանաձևերն ու ավելի ու ավելի ամուր կանգնել որպես պետություն, որի միակ խնդիրը սեփական տարածքում սեփական քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելն է:
«Մեզ պետք է ամուր կանգնել այս հայեցակարգի վրա և քայ-քայլ, զգուշորեն, ինքներս մեզ հաշիվ տալով, որ դեռևս շարունակում ենք քայլել ականապատ դաշտի միջով, կարողանալ հաղթահարել այս ականապատ դաշտն ու միջավայրը և հասնել այն հանգրվանին, որը հնարավորություն կտա ասել, որ մենք երաշխավորեցինք մեր պետության լինելիությունն առաջիկա 100-ամյակի ընթացքում: Ես համոզված եմ, որ հենց մենք ենք այն կառավարությունը, հենց մենք ենք այն խորհրդարանը, որոնք հնարավորություն են ունենալու ասելու՝ ահա, մենք երաշխավորեցինք Հայաստանի պետականության գոյությունն առաջիկա 100-ամյակի ընթացքում»,-եզրափակեց վարչապետը: