30 տարվա դադարից հետո բացվել է Այգեվանի մանկապարտեզը
Դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Այգեվան գյուղի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի բացման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, նորակառույց մանկապարտեզը 30 տարվա դադարից հետո կսկսի գործել։
Բացման միջոցառմանը ներկա է եղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանը, ավագանու անդամներ, գյուղերի վարչական ղեկավարներ, բնակիչներ, հյուրեր:
Մոդուլային մանկապարտեզը նախատեսված է 144 երեխայի համար։ Այս պահին մանկապարտեզ է հաճախում 110 երեխա։
Մանկապարտեզն ունի ժամանակակից, գունավոր, մեծ խաղաղահրապարակ՝ արհեստական խոստածածկով, արևային ֆոտովոլտային կայան, ապաստարան՝ հագեցած ժամանակակից օդափոխության և ավտոնոմ էլեկտրական սնուցման համակարգերով:
Մանկապարտեզն ապահովված է ջրամատակարարման և ոռոգման համակարգերով։
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը շնորհավորել է գյուղի բնակիչներին, երեխաներին մանկապարտեզի բացման առիթով՝ ընդգծելով առողջ և բարեկեցիկ պայմաններում նախադպրոցական կրթության կարևորությունը յուրաքանչյուր երեխայի համար։
Մոդուլային մանկապարտեզի պատվիրատուն քաղաքաշինության կոմիտեն է։ Ծրագրի արժեքը՝ 839 մլն դրամ։ Շինարարությունը մեկնարկել էր 2022 թվականի աշնանը։