Վանաձորի ավտոգազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
2024 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 140-րդ հասցեում գործող ավտոգազալցաճնշակայանի ճնշակի և գազակուտակիչների շինությունում տեղի է ունեցել պայթյուն, այնուհետև բռնկվել է հրդեհ։ Դրա հետևանքով նշված շինությունում գտնված նույն ընկերության 49-ամյա աշխատակիցը դաստակների և գլխի շրջաններում այրվածքներով բուժօգնության է տեղափոխվել նախ Վանաձորի բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևան քաղաքի այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն։ Վերջինիս առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր: Այս մասին գրել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
«Դեպքի առթիվ 2024 թվականի նոյեմբերի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, և կատարվում է նախաքննություն:
Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ, մասնավորապես՝ կատարվել են դեպքի վայրի զննություններ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում նաև՝ հիշյալ գազալցակայանի աշխատակիցները և դեպքի վայրի հարևանությամբ բնակվող անձինք։ Քրեական վարույթի համար նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար Ոստիկանությանը տրվել է գրավոր հանձնարարություն:
Բացի այդ, փակվել ու կնքվել են գազալցակայանի ճնշակի շինության մուտքի դռները՝ անհրաժեշտ փորձաքննության նկատառումներով:
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է գրառման մեջ: