Մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 4-ամյա երեխայի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրվարույթ
Երևանի թիվ 28 մանկապարտեզից «Արաբկիր» ԲԿ տեղափոխված 4-ամյա երեխայի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել հանկարծամահության հատկանիշներով։ Այս մասին News.am–ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից։
«Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանկարծամահության հատկանիշներով։ Այս պահին ակտիվ քննչական գործողություններ են իրականացվում հանագամանքները և պատճառները պարզելու նպատակով։ Քննչական գործողություններ են իրականացվում նաև մանկապարտեզի բուժանձնակազմի հետ։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Այլ հանգամանքների մասին դեռևս ոչինչ ասել չեմ կարող»,–հավելեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն էլ NEWS.am–ի հետ զրույցում ասաց.
«Արաբկիր վարչական շրջանի թիվ 28 մանկապարեզում երեխայի ինքնազգացողությունը վատացել է, ուշագնաց է եղել։ Մանակապարտեզի աշխատակիցները շտապօգնություն են կանչել, բայց այդ պահին մանկապարտեզում գտնվող ծնողներից մեկը, չսպասելով մինչև շտապօգնության անձնակազմը կմոտենա, սեփական մեքենայով հիվանդանոց է հասցրել երեխային։ Հիվանդանոցում, ցավոք, երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։ Թե ինչն է եղել ուշագնացության պատճառը, և արդյոք երեխան առողջական որևէ խնդիր ունեցել, ոչինչ ասել չեմ կարող»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Shamshyan.com–ի փոխանցմամբ, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Երևանի թիվ 28 մանկապարտեզից «Արաբկիր» բժշկական կենտրոն տեղափոխված 4-ամյա երեխա է մահացել։