100 մարդ է զոհվել Գվինեայում ֆուտբոլային խաղի ժամանակ տեղի ունեցած ողբերգական բախման հետևանքով
Գվինեայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Նզերեկորեում, ֆուտբոլային հանդիպման ժամանակ երկրպագուների միջև բախումների հետևանքով զոհվել է շուրջ հարյուր մարդ։ Այս մասին հայտնում է Barron’s-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։
Բժիշկներից մեկի խոսքով՝ մոտ 100 մարդ մահացել է, որոնց դիերը տեղավորվել են տեղի հիվանդանոցում և դիահերձարանում։
«Հիվանդանոցում մարմինները շարված են այնքան, որքան աչքը տեսնում է։ Մյուսները պառկեցվել են միջանցքներում՝ հատակին։ Դիահերձարանը լիքն է»,- մեկնաբանել է նա։
Ըստ տեղեկությունների՝ միջադեպը հրահրվել է մրցավարի վիճելի որոշումների արդյունքում, որը կարմիր քարտ է ցույց տվել, ապա թիմերից մեկի նկատմամբ 11 մետրանոց նշանակել, ինչից հետո երկրպագուները ծեծկռտուք են սկսել։
Ոստիկանները նրանց բաժանելու համար արցունքաբեր գազ են կիրառել։ Փորձելով փախչել ոստիկաններից՝ երկրպագուները շտապել են հեռանալ մարզադաշտից, իսկ ելքերի մոտ կուտակումներ են գոյացել։ Շատերը մահացել են շնչահեղձությունից կամ մարզադաշտի պատերից ընկնելուց՝ փորձելով դուրս գալ փողոց։
Հաղորդվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Գվինեայի ապստամբների առաջնորդ գնդապետ Մամադի Դումբույայի պատվին անցկացվող մրցաշարի շրջանակում, փոխանցում է Armsport-ը։