ՀՅԴ-ն խոր մտահոգությամբ հետևում է Սիրիայում վերջին օրերի իրադարձություններին
Հայ Հեղափոխական Դաշնակցության Բյուրոն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայ Հեղափոխական Դաշնակցության Բյուրոն խոր մտահոգությամբ հետեւում է Հալեպում և ընդհանրապես Սիրիայում ընթացող վերջին օրերի իրադարձություններին։ Մեր մտահոգության և ուշադրության հիմնական առանցքը Սիրիայի տարածքում, մասնավորապես, Հալեպի հայ համայնքի անվտանգությունն ապահովելն ու առօրյա տանելի պայմաններ ստեղծելն է։
Այս նպատակով Հ.Յ.Դ. Բյուրոն մշտական կապի մեջ է համայնքի տեղի պատասխանատուների հետ, որոնք իրենց առավելագունն են անում այս ուղղությամբ։ Նույն նպատակով կապի մեջ ենք նաեւ հայ հոգեւոր պետերի եւ տարբեր քաղաքական շրջանակների հետ։
Հալեպի եւ ընդհանրապես Սիրիայում կացությունը հարափոփոխ է։ Կոչ ենք ուղղում աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ լինել զգոն եւ պատրաստ՝ տարաբնույթ օժանդակություն տրամադրելու սիրիահայ համայնքին։
Հաջորդող օրերին հավելյալ բացատրականով ու նախաձեռնությամբ կդիմենք մեր ժողովրդին»։