Հանդիպումը հեռու էր կատարյալ լինելուց․ Ամորիմը՝ 4-0 հաշվով հաղթանակի մասին
«Մանչեսթեր Յունայթեդը» կիրակի օրը սեփական հարկի տակ 4-0 հաշվով հաղթել է «Էվերտոնին»։ Խաղից հետո գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է հանդիպումը.
«Հանդիպումը հեռու էր կատարյալ լինելուց: Պետք է բարելավել մեր խաղը, դա զգացվում էր խաղադաշտում։ «Էվերտոնը» սկզբում վերահսկում էր խաղը, և մեզ համար դժվար էր։ Ֆուտբոլիստները որոշ խնդիրներ լուծեցին իրենց խաղամակարդակի շնորհիվ։ Բայց այս հանդիպումը հեռու էր իդեալական լինելուց։ Միաժամանակ մենք լավ արդյունք ցույց տվեցինք դժվարին խաղում»,- ասել է Ամորիմը BBC-ին։
Սա Ռուբեն Ամորիմի առաջին տնային խաղն է «Յունայթեդի» ղեկին: Առաջին 45 րոպեները մանկունիանցիների համար չափազանց լավ ստացվեցին. տանտերերը 2-0 հաշվով գնացին ընդմիջման։ Իսկ դա մանկունիանցիների նորանշանակ գլխավոր մարզչին թույլ տվեց մտնել ակումբային պատմության մեջ։
Փաստն այն է, որ Ամորիմը դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին մարզիչը, ով «Օլդ Թրաֆորդում» Պրեմիեր լիգայի իր դեբյուտային խաղում առաջին խաղակեսը հաղթել է 2 գնդակի տարբերությամբ, փոխանցում է Armsport-ը։