Վրաստանի ՆԳՆ-ն կոչով դիմել է ցուցարարներին
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դիմել է ծնողներին՝ նրանց կոչ անելով երեխաներին հեռացնել Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ անցկացվող ցույցի վայրից:
Այս մասին համապատասխան հայտարարություն է տարածել գերատեսչությունը:
«Տարբեր լրատվամիջոցներ տարածում են կադրեր, որոնցում հավաքների ու ցույցերի վայրերում նկատվում են մանկահասակ երեխաներ»,- հայտարարել են ՆԳՆ-ում:
Նշվում է, որ համաձայն Վրաստանի օրենսդրության՝ բոլոր երեխաներն ունեն ազատ հավաքներին մասնակցելու իրավունք, սակայն «ընթացիկ ակցիաները բազմիցս դուրս են եկել խաղաղ հավաքների շրջանակից ու ընդունել բռնի բնույթ»:
ՆԳՆ-ն նաև հայտարարել է, որ խորհրդարանի շենքի մոտ հավաքվածները կոտրում են ապակիները, նետում դյուրավառ հեղուկ, ապա փորձում հրկիզումներ իրականացնել:
Հաղորդվում է նաև, որ Թբիլիսիի կենտրոնում ցուցարարների գործողությունների հետևանքով 5 ոստիկան է վիրավորվել:
Վրաստանի ՆԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեն ճեպազրույցում տեղեկացրել է, որ որոշ ցուցարարներ շարունակում են բռնություններ կիրառել: