Արտաշատի խճուղում «Nissan X-Trail»-ը հարվածել է կայանված «Nissan»-ին և հայտնվել բացօթյա մսի վաճառակետում. կան տուժածներ
Դեկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։10-ի սահմաններում «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենան Արտաշատի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենային, ինչից վերջինը մոտ 12 մ առաջ է ընթացել և հայտնվել բնակչի տան դարպասի մոտ, իսկ «Nissan Xterra»-ն էլ նույնպես հայտնվել է բնակչի կողմից օգտագործվող բացօթյա մսի վաճառակետի տարածքում՝ բախվելով նաև միս կոտրելու համար օգտագործվող հսկա կոճղին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 3-ից 5 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և մի մասին հիվանդանոց են տեղափոխել իրենց ավտոմեքենաներով։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին, որ այս փողոցում պետք է անպայման արագաչափ տեղադրվի, քանի որ անընդհատ վթարներ են լինում և քանի տարի է՝ դիմում են պատկան մարմիններին՝ արագաչափի հարցով, սակայն ոչ մի դրական պատասխան։