Ոչինչ չի փոխվել․ նախագահ Զուրաբիշվիլին ստիպված կլինի լքել նստավայրը․ Վրաստանի վարչապետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ոչինչ չի փոխվել և նախագահական ընտրությունները երկրում տեղի կունենան դեկտեմբերի 14-ին, իսկ ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստիպված կլինի լքել նստավայրը:
News Georgia-ի փոխանցմամբ՝ այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է ճեպազրույցի ժամանակ:
«Տեղեկացնում եմ, որ երեկ նշանակվել են 12 նախարարներ։ Այսպիսով ավարտեցինք հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների հիման վրա նոր կառավարության ձևավորումը։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ դեկտեմբերի 14-ին տեղի կունենան Վրաստանի նախագահի ընտրությունները, որից հետո բոլոր սահմանադրական մարմինները կհամալրվեն վրաց ժողովրդի մեծամասնության կամքի համաձայն»,- ասել է վարչապետը։
Նա նշել է, որ ընտրություններում նախագահի միայն մեկ թեկնածու կա՝ Բիձինա Իվանիշվիլիի վստահելի անձ Միխայիլ Կավելաշվիլին:
Ավելի վաղ՝ գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում, ոչ լեգիտիմ է, և ինքը հրաժարական չի տա մինչև նոր խորհրդարանական ընտրություններ։
«Տիկին Զուրաբիշվիլիին մնացել է չորս ուրբաթ, նա չի կարողանում հաշտվել դրա հետ։ Ես հասկանում եմ նրա հուզական վիճակը, թեև դեկտեմբերի 29-ին նա ստիպված կլինի լքել նստավայրը և շենքը զիջել օրինական ընտրված նախագահին»,- հայտարարել է Կոբախիձեն:
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք»-ը հավաքել է ձայների 53,93 տոկոսը։ Խորհրդարան են անցել նաև չորս ընդդիմադիր կուսակցություններ՝ ստանալով ընդհանուր 37,78%: Միաժամանակ նրանց ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն ճանաչելու քվեարկության պաշտոնական արդյունքները։
Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով օգնում է եվրոպամետ ընդդիմությանը, թեև, ըստ սահմանադրության, պետք է լինի անկուսակցական, կոչ է արել բողոքի ակցիաներ կազմակերպել ընտրությունների արդյունքների դեմ։ Հանրահավաքները շարունակվում են արդեն մի քանի շաբաթ։
Իրադրությունը Վրաստանում կրկին սրվել էր այն բանից հետո, երբ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ երկրի իշխանությունները որոշել են օրակարգից հանել Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը մինչև 2028 թվականը և հրաժարվել են կառավարության համար դրամաշնորհներ ստանալուց։