Եվ իրոք, Բարսելոնան ավելին է, քան պարզապես ակումբ․ Հանսի Ֆլիկ
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը Լա Լիգայի 15-րդ տուրի՝ «Լաս Պալմասի» հետ կայանալիք խաղից առաջ խոսել է «Բարսելոնայի» 125-ամյակի, ինչպես նաև Ռոնալդ Արաուխոյի, Ֆրենկի դե Յոնգի, Գավիի, Լամին Յամալի մարզավիճակի մասին։
«Վստահ չեմ, որ հիմա հարմար ժամանակն է հիշողություններին տրվելու համար, քանի որ մենք կենտրոնացած ենք «Լաս Պալմասի» վրա։ Ամեն դեպքում, մեծ պատիվ է լինել «Բարսելոնայի» մաս՝ իր պատմության պատճառով։ Ամենասկզբից էլ ես շատ տպավորված եմ եղել այս ակումբով։ «Կապտանռնագույնների» երկրպագուները շատ սիրալիր են, շփվում են ինձ հետ, բարի են իմ և մարզչական շտաբի անդամների նկատմամբ։ Այստեղ աշխատելը հաճույք է։ Եվ իրոք, սա իսկապես ավելին է, քան պարզապես ակումբ։
Ինչ վերաբերում է Արաուխոյին, նա ամեն օր մարզվում և առաջընթաց է գրանցում։ Չէի ցանկանա կոնկրետ ժամկետներ նշել, սակայն կարող եմ ասել, որ Ռոնալդը շատ մոտ է շարք վերադառնալուն։
Ֆրենկին լուրջ վնասվածք էր ստացել և չէր կարողանում լիարժեք շարժվել։ Նա պետք է հաղթահարի այս իրավիճակը և կրկին ինքնավստահություն ձեռք բերի։ Ըստ իս՝ հիմա նա առաջընթաց է գրանցում, թեև 3-4 շաբաթ առաջ, երբ նա նոր էր սկսել խաղալ, նրա մտածելակերպն այլ էր։ Մենք աջակցում ենք նրան։ «Բարսելոնան» շատ կենտրոնական կիսապաշտպաններ ունի, այդ պատճառով ես պետք է համոզված լինեմ, որ նրանք, ովքեր դուրս են գալիս դաշտ, պատրաստ են 100%-ով։ Կվերադարձնեմ Դե Յոնգին հիմնական կազմ այն ժամանակ, երբ նա պատրաստ կլինի։ Հիմա նա ստանում է խաղային րոպեներ և առաջ է շարժվում։
Ինձ դուր է գալիս, երբ երկրպագուները աջակցում են ցանկացած խաղացողի։ Մենք ունենք դրա կարիքը։ Մեր և երկրպագուների միջև շատ լավ հարաբերություններ են։
Կարծում եմ, որ վնասվածքի պատճառով այսքան երկար ընդմիջումից հետո Գավիի համար հեշտ չի լինի վերադառնալ նախկին մակարդակին, բայց նա ճիշտ ուղու վրա է։ Գավին երիտասարդ ֆուտբոլիստ է և ունի ավելի լավը դառնալու ներուժ։ Ես շատ գոհ եմ, թե ինչպես է նա մարզվում։
Յամալը վերադարձել է և պատրաստ է խաղալ, բայց մենք դեռ չենք որոշել՝ արդյոք նա կլինի «Բարսելոնայի» մեկնարկային կազմում «Լաս Պալմասի» հետ հանդիպման համար։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» և «Լաս Պալմասի» միջև հանդիպումը կկայանա այսօր՝ նոյեմբերի 30-ին, Երևանի ժամանակով 17։00-ին, փոխանցում է Armsport-ը։