Բելի պարալիզ. ինչպե՞ս կանխել աչքերի ախտահարումը
Բելի պարալիզը դեմքի նյարդային մկանների ախտահարման տեսակներից մեկն է։ Այն սովորաբար ինքնուրույն լավանում է, սակայն կան որոշ դեղեր, որոնք կարող են օգնել դեմքի ծռվածության լիարժեք վերացմանը և մկանների գործունեության ավելի արագ վերականգնմանը:
Եթե դեմքի ծռվածության պատճառն ինսուլտն է, գլխուղեղի ուռուցքը կամ մեկ այլ հիվանդություն, բուժումն ուղղվում է դրանց, ոչ թե բուն ծռվածության վերացմանը:
Եթե դեմքի ծռվածության պատճառով մի աչքը երկար ժամանակ կամ կայուն կերպով բաց է մնում, ապա բժիշկը կառաջարկի լրացուցիչ բուժումներ (աչքերի խնամք, հազվադեպ՝ վիրահատություն): Նույն կերպ, դեմքի մկանների անկառավարելի շարժումները մեղմացնելու համար կարող են առաջարկվել բոտոքս ներարկումներ, ֆիզիոթերապիա և այլ միջոցներ, փոխանցում է Aysor.am-ը։
Շատ կարևոր է, որ դեմքի ծռվածություն ունեցող հիվանդը հոգ տանի աչքերի առողջությունը պահպանելու համար և կանխարգելի այս զգայարանի ախտահարումը: Ցանկալի է դրսում կրել արևային ակնոցներ, սկլերայի չորացման դեմ օգտագործել արհեստական արցունքի կաթիլներ: Առանց ուշացնելու դիմել բժշկի, եթե առաջացել են աչքի գրգռվածություն, ցավ կամ տեսողության հետ կապված խնդիրներ:
Դեմքի ծռվածություն ունեցող մարդիկ կարող են ունենալ նաև հուզական խնդիրներ, ինչպես նաև տեսողության, լսողության, խոսքի, հեղուկ և սնունդ ընդունելու հետ կապված խնդիրներ:
Պետք է դիմել բժշկի, եթե առկա է դեմքի թմրածություն կամ թուլություն, զարգանում է թվարկված նշաններից մեկնումեկը՝
սաստիկ գլխացավ,
ցնցումներ,
կուրություն,
աջ, ձախ կամ երկու ձեռքերում թուլություն, թմրածություն կամ վեր բարձրացնելու անկարողություն,
խոսքի աղավաղում կամ այլ խնդիրներ,
կլման դժվարացում: